ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Անհրաժեշտ փաստաթղթեր
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի և Համատեղ հրամանի համաձայն՝ պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար դիմումն Արդարադատության նախարարություն է ներկայացվում առձեռն, (Թանաքային կնիքով և ձեռագիր ստորագրությամբ հաստատված, ինչպես նաև սքանավորված, լուսանկարված փաստաթղթերը չեն համարվում էլեկտրոնային փաստաթուղթ: հետևաբար այդպիսի փաստաթղթերի ապոստիլով վավերացումը չի ապահովվում առցանց դիմում ներկայացնելու տարբերակով) առցանց կամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված օպերատորների միջոցով:
Դիմումին կից ներկայացվում են.
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
- ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթղթի բնօրինակը:
Դիմումը երրորդ անձանց միջոցով ներկայացնելիս լիազորագիր չի պահանջվում:
Առցանց դիմում ներկայացնելու դեպքում ծառայության համար նախատեսված վճարումը (7 000 ՀՀ դրամ) կատարվում է առցանց՝ հարթակում առաջարկվող վճարային համակարգի միջոցով:
Առցանց դիմում ներկայացնելու դեպքում ծառայության համար նախատեսված վճարումը (7 000 ՀՀ դրամ) կատարվում է առցանց՝ հարթակում առաջարկվող վճարային համակարգի միջոցով:
Դիմելու կարգը
- Փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու դիմումները ընդունվում են առցանց՝ էլեկտրոնային հարթակի միջոցով, այն դեպքում, եթե ապոստիլով վավերացվում է էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթուղթը, որի էլեկտրոնային բնօրինակը հասանելի է «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգին: Նշված վավերապայմանների որևէ մեկի բացակայության դեպքում պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու դիմումները ընդունվում են առձեռն:
- Առցանց դիմում ներկայացնելու պարագայում դիմումին կցվում է հաստատման ենթակա էլեկտրոնային փաստաթուղթը, դիմողի անձը հաստատող փաստաթղթի սքանավորված տարբերակը կամ լուսանկարը, պետական տուրքի վճարման հավաստումը: Հաստատման ենթակա էլեկտրոնային փաստաթուղթը կցելու փոխարեն դիմումատուի կողմից կարող է նշվել էլեկտրոնային փաստաթղթի վրա զետեղված 16-նիշանոց հսկիչ համարը, որի միջոցով էլեկտրոնային փաստաթուղթն ինքնաշխատ կերպով կվերբեռնի համակարգից: Ապոստիլով վավերացվում է այն էլեկտրոնային փաստաթուղթը, որի հսկիչ համարը նշվել է դիմողի կողմից:
- «Էլեկտրոնային ապոստիլը, ապոստիլով վավերացումը մերժելու մասին պատասխանը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ գրություններն ուղարկվում են դիմողի էլեկտրոնային հասցեին էլեկտրոնային համակարգի միջոցով: Առցանց ներկայացված դիմումների պատասխանները, այդ թվում՝ ապոստիլը ստանալու համար Արդարադատության նախարարություն ներկայանալու անհրաժեշտությունը բացակայում է:
Էլեկտրոնային ապոստիլ
Ապոստիլի վրա «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով զետեղվում է պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող մարմնի ապոստիլի վավերացման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ վերջինիս հանձնարարությամբ՝ ստորաբաժանման աշխատակցի (լիազորությունների պատվիրակում) էլեկտրոնային ստորագրությունը, ստորաբաժանման էլեկտրոնային կնիքը (ՓիԴիԷֆ ֆորմատով, սքանավորված) և համակարգի միջոցով գեներացվող 16-նիշանոց հսկիչ համարը (tracking number) և արագ արձագանքման ծածկագիրը (QR code):
Ապոստիլի իսկությունը կարող է ստուգվել վերոնշյալ հսկիչ համարը մուտքագրելով պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում՝ www.e-verify.am, կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով: (Էլեկտրոնային ապոստիլը չի հաստատվում թանաքային կնիքով և ձեռագիր ստորագրությամբ)
Ընդհանուր տեղեկություններ
- «Արդարադատության նախարարության կողմից ապոստիլով վավերացվում են միայն Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը: Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կազմած և տված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացման ենթակա չեն: Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացվում են այն պաշտոնական փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են 05.10.1961թ. Հաագայի կոնվենցիային անդամակցող պետությունների տարածքում:
- Արդարադատության նախարարության կողմից ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ արդարադատության նախարարի և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի N 483-Ն և 2021 թվականի հոկտեմբերի 8-ի N 2056-Ն համատեղ հրամանով, այսուհետ՝ Համատեղ հրաման): Ցանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այդտեղ https://www.moj.am/page/apostille
- Դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ապոստիլը կարող է տպվել ցանկացած տեսակի տպիչ սարքի միջոցով, ցանկացած տեսակի փաստաթղթային կրիչի վրա և օգտագործվել ըստ նշանակության:
- Ապոստիլով վավերացվում է այն էլեկտրոնային փաստաթուղթը, որի հսկիչ համարը մուտքագրվել է առցանց դիմում ներկայացնելիս: Դիմողի կողմից էլեկտրոնային փաստաթղթի հսկիչ համարի սխալ լրացման հետևանքով մեկ այլ փաստաթուղթ ապոստիլով վավերացնելու համար Արդարադատության նախարարությունը պատասխանատվություն չի կրում: Նման պարագայում ծառայությունը համարվում է մատուցված, իսկ պաշտոնական այն փաստաթղթի ապոստիլով վավերացումը, որը չի իրականացվել դիմողի կողմից հսկիչ համարը սխալ լրացված լինելու պատճառով, ապահովվում է դիմողի կողմից ներկայացված նոր դիմումի հիման վրա:
- Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելուց հետո ծառայությունը համարվում է մատուցված և դիմողի ցանկությամբ ապոստիլը չի կարող չեղարկվել, հետևաբար վերադարձման ենթակա չէ նաև վճարված պետական տուրքի գումարը:
- Արդարադատության նախարարությունը չի տիրապետում այն տեղեկությունների, թե օտարերկրյա պետություն ներկայացնելու համար պաշտոնական փաստաթղթի որ տարբերակն է անհրաժեշտ ապոստիլով վավերացնել՝ բնօրինակը, դրա պատճենը, թե թարգմանությունը: Նշված տեղեկությունները անհրաժեշտ է ճշտել օտարերկրյա պետության իրավասու այն մարմնից կամ կազմակերպությունից, որին ներկայացվելու է փաստաթուղթը:
Ապոստիլով վավերացնելու դիմումի մերժման հիմքեր
Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`
- փաստաթուղթը պատրաստել կամ հաստատել կամ կնքել է դրա լիազորությունը չունեցող անձը կամ մարմինը.
- փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձևաչափին.
- փաստաթուղթն ապոստիլով վավերացման ենթակա չէ.
- փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի և փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ.
- անընթեռնելի են փաստաթուղթն ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը.
- փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ.
- չեն ներկայացվել փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական տուրքի վճարման հավաստումը.
- փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր.
- փաստաթուղթն ակնհայտ կեղծ է:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության նախարարության կողմից ապոuտիլ դնելու ժամկետը կարող է երկարաձգվել օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, որի մասին սահմանված կարգով տեղեկացվում է դիմումատուին:
Փակել
Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք: